Հունիսի 24-ին Ժնեւում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջեւ առկա սերտ համագործակցությունը, ուղենշեցին այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցները նշեցին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որեւէ բացառության:

Ներկայացնելով Հայաստանում ընթացող բարեփոխումները եւ դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը որպես կառավարության գերակայություն ընդգծեց դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինիս անկախության եւ անկողմնակալության ապահովմանը եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց այս գործընթացում միջազգային եւ տարածաշրջանայի գործընկերների աջակցության համակարգումը եւ վերջիններիս փորձագիտության արդյունավետ օգտագործումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորեցին ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, եւ այս հարցում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը։

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» խորագրով 1325 բանաձեւի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը: