Հարավային Ամերիկայում Անդերի էկոհամակարգի ջրաբանական մոնիթորինգի տարածաշրջանային նախաձեռնության մասնագետները եկել են այն եզրակացության, որ Պերուի ջրամատակարարման հնագույն համակարգերը, վերականգնվելու դեպքում, կարող են հաղթահարել ժամանակակից երաշտներն ու մաքուր ջրով ապահովել երկրի ներկայիս բնակչությանը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Phys.org-ին։

Հետազոտողների կարծիքով՝ ջրի լրացուցիչ պաշարները, որոնք սպառվում են երաշտ սեզոնի սկզբին, կարող են ստացվել անձրեւաջրերի հավաքման լեռնային համակարգերի օգնությամբ։ Հնագույն պերուական քաղաքակրթությունը դրանք ստեղծել է դեռեւս մ.թ.ա. 600 թվականին։ Դրանցից մեկը գտնվում է  Ուամանտանգա շրջանում (Կանտայի նահանգ, Լիմայի շրջան)։ Գիտնականները պարզել են, որ ջրին մոտավորապես 45 օր է պետք, որպեսզի անցնի այդ ամբողջ համակարգը։

Հաշվարկների համաձայն, եթե մեծացվի ջրամատակարարման համակարգերի մասշտաբը բնակչության արդի թվաքականակին համապատասխան, ապա հնարավոր կդառնա օգտագործել 99 մլն խորանարդ մետր անձրեւաջուր տարեկան։ Դա կավելացնի ջրի քանակը երաշտի ժամանակ մինչեւ 33 տոկոսով առաջին ամիսներին եւ 7,5 տոկոսով հաջորդ ամիսներին։

Մաքուր ջրի սեզոնային փոփոխականությունը Պերուի համար հատկանշական բան է, այն խորանում է անթրոպոգեն ազդեցությամբ, այդ թվում տաքացմամբ պայմանավորված բարձրլեռնային սառցադաշտերի հալմամբ։ Մարդիկ նպաստում են հողի էրոզիային, ինչն այն ավելի թույլ է դարձնում խոշոր ամբարտակների կառուցման համար։