Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի բնակիչները այսօր՝ հունիսի 25-ին, առավոտից փակել են Գորայք-Ծղուկ միջպետական ճանապարհը: Բնակիչները պահանջում են, որ Վարչական դատարանը  չեղարկի իր որոշումը ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին: Նշենք, որ երեկ՝ հունիսի 24-ին, Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 8-ին Սյունիքի Գորայք համայնքում տեղի ունեցած արտահերթ ՏԻՄ ընտրությունների արդյունքները: NEWS.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի խորհրդական Արմինե Ավագյանը պատմեց, որ Գորայք համայնքում հունիսի 9-ին տեղի է ունեցել ՏԻՄ ընտրություններ, եղել է 3 թեկնածու, որոնցից 2-ի՝ Աշոտ Աղաջանյանի եւ Արտյոմ Գրիգորյանի միջեւ տեղի է ունեցել թեժ ընտրական գործընթաց: Արդյունքում՝ 16 ձայնի տարբերությամբ հաղթել է Աշոտ Աղաջանյանը: Արտյոմ Գրիգորյանը դիմել է Վարչական դատարան, որպեսզի չեղյալ համարվեն ընտրության արդյունքները, եւ դատարանը ընդունել է հայտը: Հունիսի 30-ին նշանակվել է նոր ընտրություն: Ընտրություններում հաղթած Աշոտ Աղաջանյանի կողմնակիցները դեմ են ընտրության արդյունքների չեղարկմանը, եւ պահանջում են հարցին արագ լուծում:

«Մարզպետը ճանապարհին է, շուտով կհասնի:

Այնտեղ են մարզպետարանի աշխատակիցները, մեծ թվով ոստիկաններ: Այդ ճանապարհը կապում է Արցախը, եւ շատ վատ է, որ այսքան ժամանակ փակվել է, կարևոր նշանակության ճանապարհ է: Կուտակվել են բավականին մեծ թվով մեքենաներ»,- ասաց Արմինե Ավագյանը:

Նշենք, որ ի նշան բողոքի՝ արդեն նախկին ընտրություններում հաղթող Աշոտ Աղաջանյանն այսօր առավոտյան տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը։