Ես հիմնել եմ «Մարկ ինթերնեյշնըլ» ՓԲԸ-ն 1996-ին, երբ Մոսկվայում էի եւ զբաղվում էի բիզնեսով։ Այս մասին հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում մամուլիսի ասուլիսի ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը՝ անդրադառնալով այն քննադատությանը, որը նախօրեին հնչել էր նրա հասցեին խորհրդարանի նիստում։

Յոլյանը նշեց, որ այդ ընկերությունն առավել խոշոր հարկատուների ցուցակում 92-րդն էր։ «Հետո բիզնեսի դինամիկան հետընթաց ունեցավ, եւ ընկերությունը դադարեցրեց գործունեությունը»,- ասաց ՀՊ նախագահը։ Նա հավաստիացրեց, որ արդեն 4 տարի չի զբաղվում բիզնեսով՝ ավելացնելով, որ, իհարկե, «Մակրո Երեւան» ՓԲԸ-ն նույնպես հիմնվել է իր անմիջական մասնակցությամբ, բայց 2010 թվականին այն դադարեցրել է գործունեությունը։