Հայաստանը վստահ է ներկայումս տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացի վրա եւ հավատացած, որ ժողովրդավարությունը տարածաշրջանում, տարածաշրջանի բոլոր երկրներում մեծ ներդրում կլինի ողջ տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը։ Այս մասին ՄԱԿ Ժնեւի գրասենյակում հունիսի 24-ին տեղի ունեցած «Հայաստան. ժողովրդավարական անցման մեկ տարին» խորագրով միջոցառման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ ես հնարավորություն ունեցել եմ այսօր արդեն իսկ խոսելու դրա մասին եւ ցանկանում են նորից ընդգծել, որ Արցախը մարդիկ են։ Արցախում բնակվում են 150․000 իրական մարդիկ՝ իրենց անուններով, ընտանիքներով եւ լուրջ կենսական ֆիզիկական անվտանգության մտահոգություններով։ Ինչո՞ւ։ Որովհետեւ չեմ ցանկանում հիշեցնել, բայց Ադրբեջանի իրավասության տակ գտնվելու 70 տարիները Լեռնային Ղարաբաղի համար եղել են  շարունակական եւ համակարգային խտրականության ժամանակահատված։

1990-ականների սկզբին ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի ավելի քան 40 տոկոսը Ադրբեջանի վերահսկողության տակ էր, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության ավելի քան 40 տոկոսը ենթարկվել էր էթնիկ զտման։ Կար մի պահ, երբ կարող էր որեւէ քննարկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չլիներ, քանի որ կարող էր Լեռնային Ղարաբաղ պարզապես չլիներ։

Այնուհետեւ կար կառավարության կողմից ուղղորդվող ատելության շարունակական քարոզ, հայատյացություն, ինչն էլ հանգեցնում է մեր կողմից գոյաբանական, ֆիզիկական անվտանգության սպառնալիքի վերաբերյալ մտահոգությունների աճին։ Մարդասպան Ռամիլ Սաֆարովի փառաբանումը դրա վառ օրինակն է։ Երբ հոգեպես անհավասարակշիռ մեկը գիշերվա կեսին սպանում է քնած հայ սպայի, ապա վերադառնում Ադրբեջան, որտեղ նրան դիմավորում են որպես ազգի հերոսի միայն այն բանի համար, որ նա հայ է սպանել. սա Ադրբեջանի հասարակության համար մտածելու տեղիք է տալիս։

Երբ նույն բանը կրկնվում է 2016թ. ապրիլին՝ Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ՝ ի նշան քաջալերման, դա նույնպես Ադրբեջանի հասարակության համար մտածելու տեղիք է տալիս: Այսպիսով, այս ամենը վերաբերում է մարդկանց, Լեռնային Ղարաբաղում գտնվող 150 հազար մարդկանց եւ նրանց ֆիզիկական գոյության անվտանգությանը:

Այս մարդկանց համար չկա անվտանգության այլ համակարգ, քան այսօր գոյություն ունեցողը: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, քանի որ այլ երաշխիք չկա: Արդյո՞ք մենք կընդունենք մի իրավիճակ, որտեղ կրկին կառերեսվենք ոչնչացմանը: Ո՛չ։ Մենք ուզո՞ւմ ենք խաղաղություն: Անշո՛ւշտ: Արդյո՞ք խաղաղությանն այլընտրանք կա: Սա նույնպես մտածելու տեղիք է տալիս»: