Դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման կատարումը հանձնարարել է ոստիկանությանը, որն էլ պարտավոր է անհապաղ կատարել դատարանի որոշումը։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Հարցին, թե Քոչարյանն այսօր կկալանավորվի՞, դատախազը հայտարարեց, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և այն պետք է կատարվի անհապաղ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել։
Բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի և մայիսի 20–ի որոշումները, Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Դատարանը միևնույն ժամանակ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։