Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, երեքշաբթի ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հերթական պատժամիջոցներն է մտցրել Իրանի դեմ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հենց մենք երբեք չենք ձգտի ունենալ միջուկային զենք»,- մեջբերում է IRIB հեռուստառադիոընկերությունը նախարարի խոսքերը, որը դա բացատրել է կրոնական համոզմունքներով։ Զարիֆը փաստորեն կրկնել է երկրի ղեկավարության բազմիցս հնչեցված դիրքորոշումը  միջուկային զենքի վերաբերյալ։

Այսպես, Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հունիսին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ, որը Թեհրան էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձով, ասել էր, որ Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի, քանի որ այն գտնվում  է արգելքի տակ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ ձգտումը՝ թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա, ոչ մի հիմք չունի։

ԱՄՆ-ը երկուշաբթի հայտարարել է Իրանի բարձրաստիճան ղեկավարության դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պատժամիջոցները «ԱՄՆ համամասնական պատասխանն են» Թեհրանի գործողություններին, այդ թվում ամերիկյան անօդաչու սարք խփելու միջադեպին եւ լցանավերի դեմ գրոհին, որոնցում Վաշինգտոնը մեղադրել է Իրանին։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը «թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա» եւ շարունակի «աջակցել ահաբեկչությանը»։