«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը այսօր՝ հունիսի 25-ին, կրկին բողոքի ակցիա է կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց: Նրանք հավաքվել են, որպեսզի թույլ չտան ՍԴ-ի աշխատանքի բնականոն ընթացքի խափանում տեղի ունենա:

Նշենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՍԴ-ի դիմաց: Նրանք պահանջում էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը:

«Մեր իրավաբան գործընկերները, որոնք որ ձեռնպահ էին մնում մեկնաբանություն տալուց, հիմա արդեն մեկնաբանում են, եւ այդ սառույցը վերջին օրերին շարժվել է: Մենք հստակորեն տեսնում ենք, որ իրավաբանական համայնքը այս 2-ին գումարած 2 հավասար է 4 մոտեցմանը գնալով ավելի վճռական են մերժում: Այս ամենը իշխանության յուրացման նախապատրաստության դրսեւորում է: Միաժամանակ, մենք կարող ենք փաստել, որ լուրջ քննարկման առարկա են նաեւ այլ հարցեր, որոնք վերաբերում են ավելի վառ շրջանի գործունեությանը: Այն ժամանակ, երբ մենք խնդիրներ էինք տեսնում, որ 1 ամիս առաջ դատարանների արգելափակումը նշանակում է, որ այսուհետ ցանկացած դատական ակտ, որ կայացվի Հայաստանի Հանրապետությունում ինքնին վիճարկելի կարող է լինել ուղղակի իշխող քաղաքական ուժի ներգրավվածության առումով, այսօր մենք տեսնում ենք այդ դրսեւորումները»,- ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ երեկվա բողոքի ակցիայի ընթացքում շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը կոչ արեց բոլոր հայրենանվեր քաղաքական գործիչներին միանալ իրենց շարժմանը, որպեսզի Սահմանադրության կարգի վերականգնում իրականացնեն:

Բողոքի ակցիային է միացել նաեւ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նշենք, որ մի քանի ժամ առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր գրառում, որ պատրաստվում է այցելել Բաղրամյան պողոտա եւ միանալ արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներին:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի մտահոգ քաղաքացիներ Արձագանքելով ձեր բազմաթիվ կոչերին՝ այսօր ժամը 16:00-ին, պատրաստվում եմ այցելել Բաղրամյան պողոտա եւ միանալ արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներին՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության եւ մեր հայրենիքում Սահմանադրության պահպանման: Կոչ եմ անում իմ մտահոգությունները կիսող քաղաքացիներին այսօր՝16:00-ին, միանալ հավաքին»: