Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց. դատարանի վճիռը կհրապարակվի 2019թ. հուլիսի 10–ին դատական իշխանության պաշտոնական կայքում։

Այսօրվա դատական նիստում կողմերը դատարանին ներկայացրեցին գործի համար նշանակություն ունեցող ապացույցներ։

Նախագահող դատավոր Աիդա Դավթյանը ապացույցները հետազոտելուց հետո գործին մասնակցող անձանցից հետաքրքրվեց, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել միջնորդություններ կամ եզրափակիչ դատական ակտի նախագծեր:

Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայտարարեց, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտի նախագիծ կներկայացնի, իսկ Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ասաց, որ իրենք չեն ցանկանում նախագիծ ներկայացնել։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։

Խոսքը վերաբերվում է Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Ըստ հայցվոր կողմի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերվում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։