Հայաստանում է «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈւ) պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Միշարինի գլխավորությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հերքել է ԶԼՄ-ներում արծարծվող տեղեկատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ պատվիրակության վաղվա հանդիպման մասին։

«Վարչապետի օրակարգում նման հանդիպում չկա, եւ նախատեսված չի էլ եղել»,- նշել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ նախատեսված է հանդիպում փոխվարչապետի մակարդակով։

ՀԿԵՈւ մամուլի ծառայությունում նույնպես հաստատել են ռուսական պատվիրակության այցը, բայց դժվարացել են  ինչ-որ բան ասել պատվիրակության օրակարգի մասին։

Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել։

2018 թվականի օգոստոսի 15-ի գիշերը Հայաստանի պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են կատարել ՀԿԵՈւ գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, հարուցվել է քրեական գործ 9,7 մլն դրամ (19 հազար դոլար) ԱԱՀ չվճարելու մեղադրանքով։