Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ավտոմեքենայով ժամանեց  «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։

ԱԱԾ շենքի դարպասի մոտ Քոչարյանը կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ, ողջունեց հավաքված իր աջակիցներին, գրկախառնվեց որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։

Լրագրողների հարցին՝ ինչպես կմեկնաբանի դատարանի որոշումը, Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դուք տեսել եք՝ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»։

Հարցին՝ արդյոք ասելիք չունի, Քոչարյանը պատասխանեց. «Օ՜, էնքան ասելիք ունեմ»։

Այդ ընթացքում երկրորդ նախագահի աջակիցները վանկարկում էին «Քոչարյան, հերոս» և «Փաշինյան, դավաճան»։

Դրանից հետո Քոչարյանը կրկին նստեց մեքենան և մտավ կալանավայր։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազների, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ երկու բողոքներն էլ բավարարել, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի և մայիսի 20–ի որոշումները, Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Դատարանը միևնույն ժամանակ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։