Հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսի վարորդ, 35–ամյա Արտյոմ Խաչատրյանը ձերբակալվել է այսօր առավոտյան և տեղափոխվել Վրաստանի Մցխեթա քաղաքի մեկուսարան։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը։

Նա նշեց, որ վարորդի ձերբակալման մասին դեսպանությունը տեղեկացել է փաստաբանի միջոցով և անմիջապես քայլեր ձեռնարկել ՀՀ քաղաքացուն իրավական աջակցություն ցուցաբերելու համար։

Նա նշեց, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավասու մարմինների հետ և հետագա զարգացումների մասին կտեղեկացնեն ամենասեղմ ժամկետներում։

Հայրապետյանը տեղեկացրեց, որ Վերին Լարսում տեղի ունեցած միջադեպից հետո հարցաքննվել է երեք անձ՝ այդ թվում երկու վարորդները և ավտոբուսի ուղևորներից մեկը։

 Նրա խոսքով՝ վարորդներից մեկն ու ուղևորը Վրաստանի տարածքում են, քննիչը նրանց ձեռքից վերցրել է անձնագրերըը, որպեսզի նրանք չկարողանան հատել Վրաստանի սահմանը և հարկ եղած դեպքում քննիչի կանչով ներկայանան քննչական մարմին։ 

Նշենք, որ հայ վարորդին բռնել էին այն բանից հետո, երբ ավտոբուսում 500գ հերոին էին հայտնաբերել։

Ավելի վաղ «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը NEWS.am–ին հայտնել էր Մոսկվայում իրենց ընկերության ներկայացուցչություն են բերել երեխաների համար նախատեսված հովերբորդի փաթեթ։ Կազմակերպությունը, կասկած չունենալով, որ ծանրոցում մանկական իր է, համաձայնել է բեռը հասցնել Երևան։ Սակայն ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահները զննելով ավտոբուսը՝ ծանրոցում հայտնաբերել են շուրջ 500 գրամ հերոին տեսակի թմրանյութ, ինչից հետո ավտոբուսը զննելու նպատակով ուղևորներին իջեցրել են, իսկ վարորդին տարել հարցաքննության։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

Մեր տեղեկություններով՝ հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։