ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հունիսի 25-ին, Ժնևուհանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։ 

Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր են փոխանակել Կայուն զարգացման 2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ։

Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։

Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանայի կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։