Արցախում սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար կազմակերպված ստորագրահավաքը հատել է 23․000-ի սահմանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Սամվել Բաբայանի գրասենյակից։

Գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․

«Արցախում սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար մեկնարկած ստորագրահավաքը նոր թափ է ստացել՝ հատելով 23 000-ի սահմանը, մինչդեռ ստորագրահավաքի ավարտին կա 23 օր։

Օգտվելով սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքից արդեն 23․000 արցախցի իր հաստատուն խոսքն ասել է։  Ինչպես երեսուն տարի առաջ, այսօր ևս արցախցին մարտնչում  է , բայց արդեն իր հաղթանակները ամրագրելու օրինական սահմանադրական դաշտում։ Իսկ արցախցու փափագը, ինչպես երեսուն տարի առաջ, այսօր էլ նույնն է ու անփոփոխ՝ Մայր Հայրենիքի սահմանները իր միացումով ամբողջացնելն է, ու այդ քայլը արդեն 23․000 արցախցի արել է։

Գիտակցելով Արցախ-Հայաստան միության կարևորությունը , միմյանց հետ ինտեգրումը և դրան ուղղված այս ծանրակշիռ և իրական քայլի նշանակությունը՝  ՀՀ և ԱՀ մի խումբ մտավորականներ կոչ են արել միանալ ստորագրահավաքին՝ հանդես գալով բաց նամակով ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ  նախագահին և ԱՀ պետնախարարին, որտեղ մասնավորապես ասվում է, որ միավորումը այլընտրանք չունի և ստորագրահավաքի այս նախաձեռնությունը հայոց միավորումն ապահովելու անհրաժեշտ ուղին է»։

Նշենք, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի առաջարկվող փոփոխությամբ ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք կտրվի Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում։