ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արարողակարգի ղեկավար Շոն Լոուլերը ծառայությունից մեկուսացվել է Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից կարճ ժամանակ առաջ, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:

Լոուլերի դեմ քննություն է կատարվում՝ կապված «խտրականության եւ սպառնալիքների» հետ: Նա դեռեւս չի հեռացվել, բայց պաշտոնատար անձինք չեն կարծում, որ Լոուլերը աշխատանքի կվերադառնա:

G20 գագաթնաժողովում Թրամփին կուղեկցի արարողակարգի ղեկավարի օգնական Մերի-Քեյթ Ֆիշերը: Գագաթնաժողովում նախատեսված են համաշխարհային առաջնորդների հետ Թրամփի ոչ պակաս 8 երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինքը՝ Լոուլերը հրաժարվել է մեկնաբանություններից: Նրա դեմ ծառայողական քննության մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Թրամփը Լոուլերին նշանակել էր եւ Սենատը հաստատել էր 2017 թվականին: Նա դեսպանի դիվանագիտական կարգ ունի: