2017 թվականին ամբողջ աշխարհում մոտ 271 մլն մարդ գործածել է կանաբիս, կոկաին, ափիոն եւ սինթետիկ թմրամիջոցներ, 35 մլն մարդ թմրակախվածության պատճառով բուժօգնության կարիք է ունեցել: Այս մասին նշված է չորեքշաբթի տարածված «Թմրանյութերի մասին համաշխարհային զեկույց – 2019»-ում, որը պատրաստել է ՄԱԿ Թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչությունը՝ 2017 թվականի տվյալների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ըստ ՄԱԿ փորձագետների տեղեկությունների՝ հաշվետու ժամանակահատվածում աշխարհում թմրակախվածությամբ մարդկանց թիվը, որոնք բուժօգնության կարիք ունեն, աճել է 30 մլն-ից մինչեւ 35 մլն: Աճել է նաեւ թմրամիջոցների գործածման հետեւանքով առաջացած մահվան դեպքերի թիվը՝ կազմելով 585 հազար դեպք: Առավել տարածված թմրանյութ է ճանաչվել կանաբիսը: Առավել վտանգավոր՝ ափիոնայինները (հերոին եւ ափիոն), որոնց գործածման հետեւանքով մահացությունը կազմել է 585 հազար դեպքի առավել մեծ մասը:

2017-ին մեկ քառորդով ավելացել է կոկաինի արտադրությունը. ընդհանուր առմամբ արտադրվել է 1976 տոննա։ Դրա պատրաստման հիմնական կենտրոնը մնում է Կոլումբիան, որին բաժին է ընկնում այդ թմրանյութի արտադրության 70 տոկոսը։ Ինչպես նշվում է, կոկաինի հիմնական մասը Լատինական Ամերիկայից ուղարկվում է Հյուսիսային Ամերիկա եւ Արեւմտյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներ։ Հերոինային սպառնալիքը նախկինի պես գալիս է Աֆղանստանից։ Այդ թմրանյութը Եվրոպա է մտնում գլխավորապես բալկանյան տարածաշրջանի երկրներից։

Հունիսի 26-ին նշվում է Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը։ Այն հաստատվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով, որն ընդունվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին, Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային կոնֆերանսի (1987 թվական, Վիեննա) հանձնարարականների հիման վրա։