Հունիսի 25-ին Նովոսիբիրսկի կենտրոնում գնդակահարված Անդրանիկ Մուրադյանը զբաղվում էր շինարարական եւ հարդարման բիզնեսով։ Այս մասին Սիբ.ֆմ-ին տեղեկացրել են Նովոսիբիրսկի հայ համայնքի աղբյուրները։ Զրուցակիցների խոսքով՝ Մուրադյանը մահացու հրազենային վերքեր էր ստացել պարտքի պատճառով, որը չէր կարողացել վերադարձնել։ Զրուցակիցները նաեւ հերքել են տեղեկատվությունը, թե զոհվածը հայ համայնքի անդամ է եղել։

«Նա չկա մեր համայնքի անդամների շարքում։ Նա հայ չէ։ Նա այլ ազգի է պատկանում»,- տեղեկացրել է Սիբ.ֆմ-ի զրուցակիցներից մեկը։

Նովոսիբիրսկում, «Կոնտուր-Ֆոկուս» սերվիսի տվյալներով, Անդրանիկ Վարդանի Մուրադյանի կողմից գրանցված է երկու անհատական ձեռնարկություն։ Մեկը, որը փակվել է 2014-ին, զբաղվում էր սրճարաններով եւ ռեստորաններով։ Գործող ձեռնարկությունը հետազոտում է շուկայի իրավիճակը եւ հանրային կարծիքը, տեղեկացնում է Tayga.info-ն։

Վարդան Մուրադյանը նշվում է որպես Նովոսիբիրսկի մարզի Հայերի ազգային-մշակութային ինքնավարության հիմնադիրներից մեկը։ Այն գլխավորում է Արթուր Խաչատրյանը՝ հայտնի գործարար Ֆրունզիկ Խաչատրյանի որդին։

Մեկ այլ տեղեկատվությամբ՝ զոհված Անդրանիկ Մուրադյանի հայրանունը Սարգիս է։ Սարգիս Մուրադյանը կրասնոյարսկցի հայտնի գործարար է։ Նա գլխավորում է «Սիբագրոպրոմստրոյ» շինարարական ընկերությունը եւ «Եղբայրություն» երկրամասային հայկական ընկերության վարչության նախագահն է։ 

Սարգիս Մուրադյանին է պատկանում նաեւ «Ավտոշուկա 777» ԲԲԸ-ն եւ «Ագրո-տերմինալ» ՌՕՌՑ ԲԲԸ-ն, որը զբաղվում է մրգի մեծածախ առեւտրով: Նա կառուցել է նաեւ Կարեն Մուրադյանի անվան «Սիբիր» ցուցահանդեսային կենտրոնը:
Կարեն Մուրադյանը կրասնոյարսկյան բիզնեսմենի որդին է: Նա զոհվել է 23 տարեկանում: Նրա մարմինը գտել էին «Կովչեգ» էլիտար բնակելի համալիրի բակում: Ականատեսները պնդում էին, որ նա ընկել է 8-րդ հարկից, բայց նա այդ շենքում չէր բնակվում, եւ հայտնի չէ, թե ինչպես էր այնտեղ հայտնվել:
Նովոսիբիրսկում Գոգոլի փողոցում 41-ամյա տղամարդու գնդակահարության փաստով քրեական գործ է հարուցվել: Մինչ այս պահը օպերատիվ միջոցառումները արդյունք չեն տվել: Որոնումները շարունակվում են: