Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը G20-ի գագաթաժողովին ընդառաջ նախազգուշացրել է նրա մասնակիցներին աշխարհում տեղի ունեցող գործընթացների հանդեպ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման ուղղությամբ, եւ հաշվի առնել Նագասակիի դասերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

G20-ի գագաթաժողովը ճապոնական Օսակայում տեղի կունենա հունիսի 28-29-ին։ Հանդիպման նախօրեին Տուսկը այցելել է Նագասակիի հուշահամալիր։

«Անգամ նման կարճ այցելությունն ինձ ստիպեց գիտակցել, թե որքան ողբերգական է Նագասակիի դասը, եւ այնուամենայնիվ, որքան լի է այն հույսով։ Այսօր, Օսակայում համաշխարհային առաջնորդների հանդիպումից երկու օր առաջ, դա պետք է պատասխանատվության դաս դառնա մեր ընդհանուր ապագայի համար»,- ասվում է Տուսկի հայտարարությունում։

Հիրոսիման Նագասակիի հետ միասին դարձավ ամերիկյան ատոմային ռմբակոծությունների զոհը 1945-ին, որոնց պատճառով զոհվեց մոտ 214 հազար մարդ։ Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունները մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակներն են։

Տուսկի խոսքով՝  «հենց այստեղից՝ Նագասակիից պետք է հնչեն նախազգուշացման խոսքեր G20-ի բոլոր մասնակիցներին. արթնացե՛ք, քանի դեռ չափից ավելի ուշ չի լինի»։

«Համաշխարային ասպարեզը չի կարող լինել այն վայրը, որտեղ ուժեղները թելադրելու են իրենց պայմանները թույլերին առանց որեւէ վերապահման, որտեղ եսասիրությունը կգերիշխի համերաշխության, իսկ ազգայնական հույզերը՝ առողջ բանականության հանդեպ։ Դուք պետք է հասկանաք, որ կրում եք պատասխանատվություն ոչ միայն ձեր շահերի, այլեւ, նախեւառաջ՝ խաղաղության ու անվտանգ, արդար աշխարհակարգի համար»,- ասվում է չորեքշաբթի տարածված հայտարարությունում։

Նա ներկայացրել է «միջուկային շանտաժի օրինակը, որը մշտապես առկա է Հյուսիսային Կորեայի քաղաքականությունում եւ Իրանի հռետորաբանությունում», ինչպես նաեւ «տարածաշրջանային հակամարտությունները Սիրիայում, Ուկրաինայում կամ Լիբիայում», լարվածությունն առեւտրի ոլորտում համաշխարհային խոշոր տերությունների միջեւ, ինչպես նաեւ «դեռեւս մինչեւ վերջ չգիտակցված սպառնալիքների հետեւանքները, որոնք բխում են կլիմայական ճգնաժամից եւ տեխնոլոգիական հեղափոխության հաջորդ փուլերից»։

«Այս ամենը մեզ ցույց է տալիս, թե որքան մոտ է աշխարհը եզրագծին։ Մենք շարունակում ենք ձեւացնել, թե լիովին վերահսկում ենք իրադարձությունների եւ փոփոխությունների դինամիկան, բայց դա պատրանք է։ Այս ռիսկերի գիտակցումը պետք է դառնա Օսակայում բանավեճերի հիմքը»,- ամփոփել է նա։