Չորեքշաբթի Իտալիայի տարբեր շրջաններում ավելի քան 120 մարդ ձերբակալվել է կամորայի հզոր հանցավոր կազմակերպության (կենտրոնացած է հարավիտալական Կամպանիա մարզում) գործունեությանը հանցակցության մեղադրանքով, լրագրողներին տեղեկացրել են Նեապոլի դատախազության ներկայացուցիչները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ գործողությունն առավոտ շուտ իրականացրել են կարաբիներների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները։ Ինչպես հայտնի է դարձել, գործի հետաքննությամբ համատեղ զբաղվում էին Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը, պետական ոստիկանությունը եւ ֆինանսական գվարդիան։ Այս անգամ հարվածի տակ են ընկել կամորայի  Կոնտինի, Մալարդո եւ Լիչարդի ազդեցիկ կլանները։ Խուզարկությունների ժամանակ առգրավվել է մոտ 130 մլն եվրո ընդհանուր արժեքով գույք։

Ձերբակալված ավազակները մեղադրվում են մաֆիոզ գործունեությանը հանցակցության, թմրանյութերի մաքսանենգության, դրամաշորթության, հանցավոր ճանապարհով ձեռք բերված «փողերի «լվացման», այլ ծանր հանցագործությունների մեջ։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ քննության շրջանակում պարզվել են «պետական կառույցների գործունեությանը միջամտության» փաստեր։