«Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ դատավարությունը դիտարկում է բացառապես իրավական դաշտում։ Այս մասին հունիսի 26-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական կալանավորումը։

Նրա խոսքով՝ դա իրավական գործընթաց է, եւ երբ այդ հարցով իրավական որոշում կայացվի, ապա «ԲՀԿ»-ն հանդես կգա իր գնահատականով։

Հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կիսում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում չկա ոչ օրենք, ոչ օրինականություն, Տոնոյանը պատասխանել է, որ դա ընդամենը կարծիք է, որը գոյության իրավունք ունի։ «Մենք բազմիցս ասել ենք, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել բացառապես այդ հայտարարության շրջանակում»,- ամփոփել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Վերաքննիչ դատարանը չեղարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին եւ կալանել էր նրան։