Շատ ցավալի է, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ն ներկայացվում է որպես վնասով աշխատող կազմակերպություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը:

«Դահլիճում նստածներից ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ֆինանսական մուտքեր կարող են լինել այդ ԲԿ-ում, թե ինչ արժեքի է հասնում այդտեղ բժշկական սպասարկումը և շատ ցավալի է, որ բժշկական այդ հաստատությունը ներկայացվում է որպես վնասով աշխատող հաստատություն: Արդյոք այդտեղ աուդիտորական աշխատանքներ կատարվե՞լ են, եթե ոչ, ապա պետք է բոլոր բժշկական կենտրոններում անցկացվեն աուդիտներ:

Ես պահանջում եմ, որ քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող բոլոր հաստատություններում անցկացվեն աուդիտորական խորքային ստուգում: Իքնս լինելով բժիշկ շատ լավ տիրապետում եմ իրավիճակին»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ավագանին հաստատեց Երևանի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների 2018 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը:

Խոսքը 58 ընկերությունների մասին է, որոնցից շահույթով են աշխատել միայն 48-ը:

Արձագանքելով ԲՀԿ-ականի խոսքին, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ թվով 58 ընկերություններում որակյալ աուդիտի անցկացումը բավական թանկ հաճույք է. «Մենք բավարարվում ենք մեր ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքով: Խիստ բացառիկ դեպքերում հատուկ աուդիտ է իրականացվում: «Նորք Մարաշ» ԲԿ-ն դրանցից մեկն է եղել, որում անցկացվել է անկախ աուդիտ  եւ որի արդյունքներով հաստատվել են այս վնասները: Վնասը կազմում է 321 մլն դրամ: Այս ընկերությունը գտնվում է ոչ բարվոք վիճակում, իսկ 2018-ը շարունակական վնասաբերության տարի է եղել: 321 մլն դրամը միայն 2018-ի վնասն է: Ընդհանուր վնասը շուրջ մեկ մլրդ դրամ է: 2019-ին վնասի չափը կնվազի, բայց շահույթ խոստանալ չենք կարող»:

Միքայել Մանրիկյանը չհամաձայնեց ասվածի հետ. «Այդ հիվանդանոցը բավականին լուրջ ներուժ ունեցող հիմնարկ է եւ կարող է լուրջ եկամուտներ ապահովել: Պետք է պարզել, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր են եղել, որ նման վիճակ է ստեղծվել»: