Չորեքշաբթի Մոսկվայի Բասմանի դատարանը քննության խնդրանքով երկարացրել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից եւս երկուսի «որոշակի գործողությունների արգելքի» ձեւով խափանման միջոցը, դատարանի դահլիճից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դատարանը որոշեց բավարարել քննության միջնորդությունը, որոշակի գործողությունների արգելքի ժամկետը երկարացնել մինչեւ հուլիսի 28-ը»,- նշված է դատավորի հրապարակած որոշման մեջ: Նիստը տեղի է ունեցել փակ ռեժիմով, ներկաներին թույլ են տվել մտնել միայն որոշումը հրապարակելիս:

Այսօր ավելի վաղ դատարանը համանման որոշում էր կայացրել քույրերից կրտսերի՝ Մարիայի նկատմամբ: Այսպիսով, երեք քույրն էլ՝ Քրեսթինան, Անգելինան եւ Մարիան նախկինի պես չեն կարող տանից դուրս գալ երեկոյան 7-ից մինչեւ առավոտյան 7-ը:

Հունիսի կեսին քննչական մարմինը Խաչատրյան քույրերին առաջադրել էր բոլոր հնարավոր որակումներից ամենածանր՝ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանության մեղադրանք: Աղջիկներին սպառնում է 8-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում գաղութում:

Փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ որակումն անփոփոխ է մնացել, չնայած հաստատվել է, որ քույրերն ապրել են «բազմամյա հոգեկան վնասվածքներ պատճառող պայմաններում»: Պաշտպանական կողմի կարծիքով՝ մի քանի տարի շարունակ աղջիկների հայրը՝ Միխայիլ Խաչատրյանը, դուստրերին պարբերաբար ծեծել է եւ «կիրառել սեռական բռնություն»: Պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակում:

Մեծ արձագանք ստացած սպանությունը կատարվել է անցյալ տարվա հուլիսի 27-ին. Քննության վարկածով՝ 3 քույրերը 57-ամյա հորը սպանել են Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու վրա գտնվող իրենց բնակարանում: Ձերբակալվածներին նախ տեղափոխել են մեկուսարան, բայց հետո մեղմել են խափանման միջոցը՝ մինչեւ «որոշակի գործողությունների կատարման արգելք»:

Թե մեղադրյալներին կոնկրետ ինչ է արգելվում կատարել՝ պարզ չէ: Հայտնի է միայն, որ նրանց չի կարելի խոսել բջջայինով եւ համացանցից օգտվել: