ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի եւ Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեկնել են Մոսկվա, իսկ երկրորդ փուլի ժամանակ ռուս գործընկերներն են ժամանել Երեւան: Ըստ սցենարի` օդանավակայանից մինչեւ հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան բացահայտվել է գործընկեր երկրների միջեւ միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակներում տեղեկատվության փոխանակման շնորհիվ: Միջոցառմանը ներգրավված են եղել նաեւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի ու հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները:

Պարբերական ուսումնավարժությունների միջոցով Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները: