Ամառանոցային Պատայա (Թաիլանդ) քաղաքի ոստիկանապետի պաշտոնակատար, գնդապետ Փհոնգփհան Վոնգմանիթհեթը եւ նրա չորս տեղակալները ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ ենթարկվել ծառայողական հետաքննության այն բանից հետո, երբ քաղաքի բարերից մեկում անսպասելի ստուգման ժամանակ հայտնաբերել եւ ձերբակալել են 17-ամյա մարմնավաճառուհու, չորեքշաբթի տեղեկացրել է Թաիլանդի յոթերորդ ազգային հեռուստաալիքը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Սպաներին կներկայացվի ծառայողական անփութության մեղադրանք. նրանք չեն կարողացել կանխել անչափահասի ընդգրկումը սեքս գործունեության մեջ այն տարածքում, որի համար պատասխանատու են, ասվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ։

Coming Bar բարի արտասահմանցի սեփականատերերը Թայվանի եւ Չինաստանի քաղաքացիներ են, նրանք կարտաքսվեն Թաիլանդից եւ ցմահ կմտցվեն այն անձանց սեւ ցուցակ, որոնց արգելված է մտնել Թաիլանդ։ Թաիլանդական կողմից համասեփականատերերին սպասվում են անչափահասներին մարմնավաճառության մեջ ներառելու մեղադրանքներ, ինչը պատժվում է երկարատեւ բանտարկությամբ, տեղեկացնում է հեռուստաալիքը։

Կալանված աղջկան սպառնում է միայն վարչական պատասխանատվություն, մարմնավաճառության մասին քրեական գործում նա, ամենայն հավանականությամբ, կանցնի որպես տուժող եւ վկա, պարզաբանում է հեռուստաալիքը։

Պատայայի քաղաքապետարանի որոշմամբ՝ Coming Bar-ը կփակվի հինգ տարով Թաիլանդի զբոսաշրջային իմիջին վնաս հասցնելու պատճառով։

Գնդապետ Վոնգմանիթհեթը, որը նաեւ զբաղեցնում էր Չոնբուրի նահանգի փոխոստիկանապետի պաշտոնը, որի մեջ է մտնում Պատայա քաղաքը, կատարում էր Պատայայի ոստիկանապետի պարտականություններն այն բանից հետո, երբ հունիսի սկզբին քաղաքային ոստիկանության ողջ նախկին ոստիկանական անձնակազմը տեղափոխվել էր «պակաս պատասխատանու աշխատանքի»։ Դա պայմանավորված էր նրանով, որ զինվորականների եւ տեղի վարչակազմի աշխատակիցների համատեղ հանկարծակի ստուգայցերը Պատայայում բացահայտել էին բարեր, որոնք աշխատում էին օրենքով նախատեսվածից ավելի երկար եւ թույլ էին տալիս վաճառել ալկոհոլ 21 տարեկանից երիտասարդ մարդկանց։

Հունիսի 8-ին Վոնգմանիթհեթը՝ ոստիկանների եւ զինվորականների մեծ խմբի գլխավորությամբ, շուրջկալ է անցկացրել Walking Street-ում: Ամբողջ փողոցով անցնելով եւ զրուցելով հաստատությունների տերերի ու հաճախորդների հետ՝ շուրջկալի մասնակիցները հայտարարել են, որ ամբողջ Walking Street-ում չեն գտել մարմնավաճառության որեւիցե նշան: Գնդապետն անգամ զբոսաշրջիկներին եւ տեղի բնակիչներին ասել է, որ եթե նրանցից որեւէ մեկը այդպիսի նշաններ հայտնաբերի, կարող է համարձակորեն զանգահարել 191 (ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների հեռախոսահամարն է) կամ անձամբ զեկուցել զբոսաշրջային ոստիկանության աշխատակիցներին, որոնք մշտական պահակակետ ունեն Walking Street-ի սկզբնամասում: Չորեքշաբթի Thaiger պորտալը, որը նաեւ լուր էր հրապարակել Պատայայի ոստիկանության ղեկավարությանը աշխատանքից հեռացնելու մասին, հայտնել է, որ «հավանաբար, ինչ-որ մեկն այդպես էլ արել է»: