Սահմանադրական դատարանի «անդամներ» եւ «դատավորներ» եզրերը վեճեր են առաջացնում եւ պետք է լիովին պարզաբանվեն։ Այս մասին հունիսի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի սկանդալային հայտարարությունը։

Լրագրողները մի քանի անգամ փոխեցին հարցի ձեւակերպումը, որպեսզի հասկանան, թե համաձայն են արդյոք նրանք Գրիգորյանի դիրքորոշմանը, որը ՍԴ դատավորի երդման արարողության ընթացքում, հունիսի 20-ին, ասաց, որ գնում է Սահմանադրական դատարան  նախագահի լիազորություններով, բայց հստակ ու պարզորոշ պատասխան այդպես էլ չհնչեց։ «Սահմանադրական դատարանի նախագահ պետք է դառնա դատավորը»,- շրջանցել փորձելով ասաց Կարապետյանը։

Ճշգրտող հարցին, թե արդյոք նա ակնարկում է Վահե Գրիգորյանին, պատգամավորը նորից հստակ պատասխան չտվեց։ «Ձեր կարծիքով, Սահմանադրական դատարանում երկու դատավորներից բացի այլ դատավորներ էլ կա՞ն։ Այսօրվա դրությամբ ՍԴ-ում ընդամենը երկու դատավոր կա, ճի՞շտ է»,- տարակուսած պատասխանեց խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրել է Վահե Գրիգորյանին, որը երդման արարողության ժամանակ ասել է, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները։ Դա առաջ է բերել ոչ միանշանակ արձագանք հասարակությունում եւ կոշտ քննադատություն ընդդիմության կողմից։