Մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց ճակատագիրը մարդկության, բոլոր պետությունների եւ ժողովուրդների, կառավարությունների խնդիրն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սակայն թե ինչպես են այդ մարդկանց խնդիրները լուծվում հաճախ, ուղղակի անհասկանալի է:

Որոշ երկրներում հոգեկան առողջության համակարգը համեմատաբար բարվոք վիճակում է, մյուսներում՝ միջին, կան երկրներ, որտեղ այս հարցերի լուծումը խայտառակ վիճակում է:

Կարծում եմ՝ այստեղ անհրաժեշտ են ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ վարչարարական խիստ, բայց մարդկային լուծումներ: Այո, օրենքները պետք է լինեն կենսունակ եւ մարդկային, իսկ դրանք իրականացնողները տվյալ դեպքում պետք է բառիս բուն իմաստով լինեն հումանիստներ:

Այն երկրներում, որտեղ այդ քաղաքացիների նկատմամբ առկա է անտարբեր վերաբերմունք, կարծում եմ՝ պետք է ընդհուպ նախատեսել քրեական պատասխանատվություն:

Ճիշտ է, այդ հարցն ունի սահմաններ չունեցող բարոյական նշանակություն, բայց անտարբեր եւ արհամարհող մարդիկ մեր շրջապատում իրոք հաճախ եմ հանդիպում:

Արդյոք առողջապահական գիտությունը եւ արդյոք արհեստական ինտելեկտը կարող են առաջիկայում բեկում մտցնել իրերի վիճակի մեջ: Դա միայն Աստծուն է հայտնի: Բայց որ շանս կա այդ մարդկանց առավելագույն չափով ինտեգրել հասարակություն, դա էլ է ակնհայտ: Ուստի լինել մարդկային, սիրել սեփական աշխատանքը, դա նշանակում է լինել հայրենասեր, հարգել քեզ եւ քո ընտանիքին:

Կարծում եմ՝ մոտ ապագան հենց երեխաների, աշակերտների եւ ուսանողների ճիշտ դաստիարակության մեջ է: Այնպիսի դաստիարակության, որը կտանի դեպի խորը գիտելիքների տիրապետման  եւ կարիք ունեցող մարդկանց նկատմամբ արժանապատիվ մոտեցումների։

Այո, միշտ անկեղծությամբ եւ մաքսիմալ ջանքեր գործադրելով կօգնենք մտավոր կարիքավոր մեր հայրենակիցներին:

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդու հաջողության եւ հաջողված լինելու գաղտնիքը: Դա այն է, որ դու գերազանցում ես մյուսներին եւ ինքդ քեզ, բայց դա նաեւ այն է, որ դու ուրախանում ես ուրիշների հաջողություններով, այլ ոչ թե տխրում: Ուրեմն եկեք ուրախանանք, երբ օգնում ենք կարիքավորներին, եւ միշտ լինենք նրանց կողքին:

Աստված բոլորիս պահապան»: