«Լուսավոր Հայաստանը» երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման ոչ մի տարր չի տեսնում: Հունիսի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ այս գործընթացն իրենք դիտարկում են  բացառապես իրավական դաշտի շրջանակում: «Սա բացառապես դատական գործընթաց է: Մեզ համար այս գործընթացը ոչ մի առաջնահերթ նշանակություն չունի: Այս գործընթացը փոխանցվել է արդարադատությանը, եւ այն իր գործը գիտի»,- եզրափակեց Սամսոնյանը:

ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն իր հերթին նշեց, որ դատական գործընթացն ընթացել է մրցակցության շրջանակում, քանի որ բոլոր կողմերը իրենց իրավունք են վերապահում ցանկացած որոշում բողոքարկելու: «Ե՛վ դատախազությունը, ե՛ւ պաշտպանական կողմը հավասար պայմաններում են: Սա սովորական դատական գործընթաց է, եւ իմ կարծիքով՝ մյուսներից ոչ մի բանով չի տարբերվում»,- վստահ է Սիմոնյանը: