Հունիսի 25-ին Երեւանի Նորք–Մարաշ թաղամասի տներից մեկում 25–ամյա Էլեն Սիմոնյանին դաժանաբար սպանելու համար կասկածվող 29–ամյա Արսեն Նազարյանը ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց  Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նախնական տեղեկություններով՝ երիտասարդ աղջիկը մեջքի շրջանում դանակի 10-ից ավելի հարված է ստացել։

NEWS.am–ի տեղեկություններով՝ սպանվածը Նոր Նորքի բնակիչ է, խնամքին ուներ մանկահասակ երեխա։

Մեր տեղեկություններով՝ Էլեն Սիմոնյանի վերաբերյալ ներկայումս քրեական գտործ է քննվում դատարանում։

Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու և բնակարանային գողություն կատարելու համար։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ Էլեն Սիմոնյանը նախնական համաձայնության գալով Անանիա Կամանյանի հետ, խմբի կազմում, խարդախությամբ Գոռ Հայտոյանից հափշտակել են զգալի չափի ընդհանուր` 180.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և «Լենովո» մոդելի բջջային հեռախոս, որից հետո Էլեն Սիմոնյանը նախնական համաձայնության գալով Անանիա Կամանյանի հետ, խմբի կազմում կատարել է ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է  քրեական գործ ՝ ՀՀ ՔՕ-ի 104-րդ  հոդվածի՝ սպանության  հատկանիշներով։