ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիյամ Ջայշանկարի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Իրանը ահաբեկչության գլխավոր համաշխարհային հովանավորն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ANI-ն։

«ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանն ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում։ Կա (Իրանից բխող) սպառնալիքի եւ այդ սպառնալիքը զսպելու անհրաժեշտության ընդհանուր ընկալում, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար»,- ասել է պետքարտուղարը։

Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը ընդհանուր նպատակ ունեն երաշխավորելու, որպեսզի «էներգակիրների գները լինեն հարկավոր մակարդակին»։ Իրավիճակն Իրանի շուրջ սրվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավի վրա ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ եւ հրդեհ էին տեղի ունեցել։ ԱՄՆ-ը միջադեպի պատասխանատվությունը դրել է Իրանի վրա, նրան պաշտպանել են Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան, իսկ Թեհրանը այդ մեղադրանքները չի ընդունել։ Նավթի գները միջադեպից հետո բարձրացել են։

ԱՄՆ պետքարտուղարը շրջագայում է Ասիայի պետություններում։ Հունիսի 24-ին Պոմպեոն այցելել է Սաուդյան Արաբիա եւ ԱՄԷ, երեքշաբթի նա չհայտարարված այց է կատարել Աֆղանստան, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Աշրաֆ Գանիի հետ։