Հայաստանում 2004-2014 թվականներին հափշտակվել է 9 մլրդ դոլար: Այս մասին հայտնեց Բաց հասարակության հիմնադրամների փոխտնօրեն Դավիդ Ամիրյանը՝ անցումային արդարադատության ենթատեքստում մարդու իրավունքների հարցերով քննարկման ժամանակ:

Ընդ որում՝ Ամիրյանը հղում կատարեց ինչ-որ միջազգային կազմակերպության, որի հետ հիմնադրամը կապ չունի: Ամիրյանը պնդում է, որ կազմակերպությունը 2004-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում հետազոտություն է անցկացրել, իսկ բուն զեկույցը թվագրված է 2016 թվականով:

Ամիրյանի կարծիքով՝ արդյունքում պետք է խոսել ոչ թե բարեփոխումների, այլ արմատական փոփոխությունների մասին: «20 տարում պետությունն ամենից շատ է արտասահմանյան օգնություն ստացել, այս ընթացքում ՔԿՀ-ներում, մանկատներում, հոգեբուժարաններում, ծերանոցներում իրավիճակը հասցրել է անմխիթար վիճակի: Իրավիճակը հասել է մինչեւ խոշտանգումների»,- հայտարարեց Ամիրյանը:

Վկայակոչելով պաշտոնական տվյալները՝ Ամիրյանը հավաստիացրեց, որ հոգեբուժարաննների պացիենտների 60 տոկոսը բուժման կարիք չունի, ունի խնամքի կարիք: Նույնը վերաբերում է ՔԿՀ-ներին, հատուկ դպրոցներին, մանկատներին, ծերանոցներին: «Պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի վատ համակարգից նորին փոխակերպումը»,- հայտարարեց Ամիրյանը:

Նրա խոսքով՝ եթե ոչ մարտական պայմաններում զոհվածների գործերը չեն բացահայտվում, ապա քաղաքացիները կարող են սեփական գնահատական ունենալ եւ ցանկացած բան ենթադրել: «Եթե մարդը տանջվում է ցավազրկող դեղերի բացակայության պատճառով, դա խոշտանգում է: Մենք չենք ասում, որ բոլորը պետք է պատժվեն: Մենք ասում ենք, որ պետք է գնահատական տալ եւ որոշել, թե որն է լինելու հաջորդ քայլը»,- հայտարարեց Դավիթ Ամիրյանը: