Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կարող է պատժամիջոցներ մտցնել երրորդ երկրների դեմ՝ որպես պատասխան միջոց  միության անդամներից մեկին ուղղված սահմանափակումների, սակայն, անհրաժեշտության դեպքում, պատժամիջոցներ կարող են մտցվել նաեւ նախապես, ՌԻԱ «Նովոստի»-ին https://ria.ru/ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։

«Այն իրավիճակներում, երբ նման միջոցները կվերաբերեն ԵՏՄ առանձին երկրներին, դրանց բացասական էֆեկտը, իհարկե, ավելի լայն ընդգրկում կունենա։ Ուստի տրամաբանական է, որ դրանց հնարավոր արձագանքը դառնա քննարկման առարկա նաեւ միության հարթակում։ Եթե ԵՏՄ երկրները որոշում կայացնեն համատեղ միջոցներ մտցնելու անհրաժեշտության մասին ԵՏՄ մակարդակով, այդ միջոցները կմտցվեն»,- ասել է նա՝ նշելով, որ միությունն անհրաժեշտ գործիքանի ունի։

Նիկիշինան նկատել է, որ ԵՏՄ-ն կարող է սահմանափակումներ մտցնել առաջինը՝ հասարակական իրավակարգը պահպանելու, կյանքի եւ առողջության պահպանման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով։ «Այս դեպքում միջոցները կարող են ընդունվել ոչ թե որպես պատասխան միջոց, այլ կանխիչ կարգով»,- ընդգծել է Նիկիշինան։

ԵՏՄ սահմանափակիչ միջոցները կարող են, օրինակ, դրսեւորվել ներկրվող ապրանքների մաքսատուրքերի մակարդակը բարձրացնելով, որպես արտոնությունների տրամադրման ժամանակավոր դադարեցում կամ «այլ միջոցների ընդունում, որոնք ազդեցություն կգործեն համապատասխան պետության հետ արտաքին առեւտրի արդյունքների վրա»։

«Արժե անմիջապես նշել, որ ԵՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, ոչ թե քաղաքական։ Իր հերթին, սահմանափակիչ միջոցները, որոնք, ցավոք, կարող են լինել համաշխարհային առեւտրում, հաճախ ավելի շուտ քաղաքականապես մոտիվացված են»,- ավելացրել է Նիկիշինան։

ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա եւ գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Այժմ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։