2020 թվականի հուլիսի 1-ից ճանապարհային երթեւեկության նոր նշաններ կհայտնվեն Ֆինլանդիայում։ Դա ամենածավալուն թարմացումը կլինի 1980-ականներից ի վեր, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Կլինեն նոր նշաններ հեծանվորդների համար։ Առաջին հերթին, կնշվեն հեծանվուղիները։ Աշխույժ խաչմերուկներում կլինեն գլխավոր ճանապարհի հատման նշաններ հեծանվորդների համար։ Բացի այդ, կհայտնվեն նշաններ, որոնք կարգելեն հեծանվով, մոպեդով եւ անգամ ոտքով երթեւեկությունը։

Լցակայանների մոտ կլինեն նոր նշաններ վառելիքի տեսակների, այդ թվում նաեւ էլեկտրալիցքավորման մասին։

Կթարմացվեն այն նշանները, որոնք նախազգուշացնում են կենդանիների մասին։ Եղջերուներին վերաբերող արդեն առկա նշաններին կավելացվեն նորերը այծյամների մասին։

Արագընթաց խճուղիներում կհայտնվեն նշաններ, որոնք կնշեն նվազագույն արագությունը։

Վերջապես, ավտոբուսի կանգառների նշանն ամենուրեք նույնաոճ կլինի՝ դեղին ֆոնին։ Այժմ դրանցից բացի հանդիպում են նաեւ ավտոբուսի կանգառանշաններ կապույտ ֆոնով։