Իրանն ամերիկյան պատժամիջոցների պատճառով 50 մլրդ դոլարի կորուստ է ունեցել: Այս մասին Al Hadath հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պատժամիջոցներ սահմանելով՝ մենք Իրանի ղեկավարությանը զրկել ենք 50 մլրդ դոլարից»,- ասել է նա՝ Թեհրանի իշխանություններին համեմատելով «կրոնական կոռումպացված մաֆիայի» հետ:

Հուկը նաեւ նշել է, որ «իրանական միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրսբերումն անհրաժեշտ քայլ էր Իրանի գործունեությանը հակազդելու համար», ինչպես նաեւ Թեհրանին մեղադրել է Մերձավոր Արեւելքում բռնության եւ ահաբեկչության մեջ:

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 2015 թվականին կնքված գործարքից դուրս գալու մասին եւ սահմանափակեց Թեհրանի միջուկային մշակումները:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց այդ ծրագրով նախատեսված իր պարտավորությունների մի մասի դադարեցման մասին: Նրա խոսքով՝ Իրանը կվերսկսի ուրանի հարստացման աշխատանքներն ու կդադարեցնի Արակի ծանր ջրերում ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցներն իրենց պարտավորությունները չիրականացնեն 60 օրվա ընթացքում:

Երկուշաբթի օրը Թրամփն Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր ստորագրեց: