Beeline-ը եւ Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերի վավերականացման արդյունավետ գործիք է: Ծառայությունն իրականություն է դարձել Beeline-ի, Նիկիտա Մոբայլի եւ Հայաստանում միակ սերտիֆիկացիոն կենտրոնի՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ:

Ծառայությունը թույլ է տալիս բաժանորդներին իրականացնել նույնականացում համացանցում եւ էլեկտրոնային ստորագրել  փաստաթղթերը  Mobile ID-ի շնորհիվ՝ առանց քարտ կարդալու սարքի: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում առցանց բոլոր գործարքների իրականացումը՝ միայն բջջային հեռախոսի օգնությամբ: 

«Mobile ID-ի գործարկումը նշանակալից իրադարձություն է ոչ միայն Beeline-ի, այլեւ ամբողջ Հայաստանի համար: Սա հերթական քայլ է դեպի ավելի թափանցիկ, հարմար եւ արագ հարաբերություններ՝ քաղաքացիների, պետության եւ բիզնեսի միջեւ: Ես շատ հպարտ եմ, որ հենց Beeline-ն է շարունակում առաջինը ներդնել նորարարություններ, որոնց շնորհիվ մեզ շրջապատող թվային աշխարհը դառնում է ավելի պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նիկիտա Մոբայլ ՍՊԸ, լինելով նորարարական ընկերություն, ավելի քան 10 տարի գործում է հայաստանյան շուկայում, մշակելով հետաքրքիր նախագծեր եւ ներդնելով թվային ոլորտի համաշխարհային նորույթները Հայաստանում, ինչի վառ օրինակն է Mobile ID: Mobile ID-ի ներդրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերին եւ հանդիսանում է, կարեւոր, եթե ոչ ամենաորոշիչ, գործիքներից մեկը Հայաստանի թվային տրանսֆորմացիայի գործընթացում: Այն դարձնում է բջջային հեռախոսը «կախարդական փայտիկ», առցանց տիրույթում գործարքներ իրականացնելու համար՝ գտնվելով աշխարհի ցանկացած կետում: Ծառայության գործարկումը կնպաստի Հայաստանի դիրքերի բարելավմանն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային ռեյտինգային աղյուսակներում, ինչպիսիք են Համաշխարհային բանկի կողմից իրակականցվող Doing Business-ը եւ ՄԱԿ-ի E-Government development index-ը» - նշեց Նիկիտա Մոբայլլ ՍՊԸ հիմնադիր Արա Յաղջյանը:

Ծառայությունը թույլ է տալիս առցանց գործարքներ իրականացնել՝ ապահովելով անձնական տվյալների եւ առցանց իրականացվող գործարքների անվտանգությունը, թույլ է տալիս, մասնավորապես, նվազեցնել պետական կառույցներն անձնապես այցելելու անհրաժեշտությունը:

Ծառայությունից օգտվելու համար պետք է գործող նույնականացման էլեկտրոնային eID քարտով դիմել Beeline եւ ստանալ հատուկ USIM քարտ, որն ունի ներդրված Mobile ID ծառայությունը: Այնուհետ անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը՝ հետեւելով www.mobileid.am կայքում տեղադրված հրահանգներին:  USIM քարտի արժեքը՝ կազմում է 2000 ՀՀ դրամ , իսկ Mobile ID ծառայության արժեքը 600 ՀՀ դրամ: