Հունիսի 20-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով՝ հափշտակել են իր թանկարժեք «Մերսեդեսը»։

Քաղաքացին ցանկացել էր վաճառել մեքենան եւ հայտարարություն էր տեղադրել համացանցում։ Շուտով զանգել էր գնորդն ու պայմանավորվել էին հանդիպել։ Մհեր ներկայացած անձի հետ հանդիպել էին։ Մեքենան հավանել էր, գին էին պայմանավորվել։ Գնորդն առաջարկել էր գնալ Խուդյակով փողոցում գտնվող իր տուն, որպեսզի կանխավճարը տար։ Սուրճ էր առաջարկել ու խնդրել երկու րոպե սպասել, մինչ ինքը կգնար ընկերոջից կանխավճարի գումարը կվերցներ ու արագ կվերադառնար։ Ժամը 17։00-ի սահմաններում արդեն մեքենան վաճառել ցանկացողները նկատել էին, որ գնորդը տնից դուրս գալիս մեքենայի բանալիները հետն էր տարել։ Տնից դուրս գալով՝ հայտնաբերել էին, որ ոչ Մհերը կա, ոչ էլ ավտոմեքենան։

Ոստիկանությունում խաբեությամբ «W221» թափքի «Մերսեդս» հափշտակելու վերաբերյալ հաղորդումը միակը չէր։ Նախորդ օրը՝ հունիսի 19-ին, նմանօրինակ հաղորդում էր ստացվել նաեւ Էրեբունու բաժնում։ Մեքենայատիրոջը կրկին զանգահարել էր գնորդը, ներկայացել որպես Մհեր։ Կրկին հանդիպել էին, ուղեկցել էր Էրեբունի փողոցում գտնվող իբր իր տունը։ Կրկին վստահությունը չարաշահելով՝ դուրս էր եկել ու հափշտակել մեքենան։ Ի տարբերություն ոստիկանության Ավանի բաժանմունքում արձանագրվածի, այս դեպքում գնորդը բնակարանից դուրս գալիս, դուռը բանալիով փակել էր ու ապօրինաբար նաեւ զրկել տուժողներին ազատ տեղաշարժվելու իրավունքից։

Նույնաբովանդակ հանցագործության մասին հաղորդումներ կային նաեւ ոստիկանության Շենգավիթի եւ Կոտայքի բաժիններում։

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացրին փոխգործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մի քանի ուղղություններով։ Շուտով ոստիկանության Ավանի բաժանմունքում ստացվեցին առաջին տեղեկությունները։

«Համագործակցելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեր գործընկերների հետ պարզեցինք, որ Մհեր ներկայացած անձը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ապրող 30-ամյա տղամարդը։ Անմիջապես ձեռնարկեցինք համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ»,-ասել է ոստիկանության աշխատակիցը:

Մինչ կպարզվեր հափշտակված մեքենաների գտնվելու վայրը, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառաողները տեղեկություններ ստացան 30-ամյա տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ։ Օպերատիվ տեղեկություններ կային նաեւ, որ տղամարդը ցանկանում է հատել Հանրապետության պետական սահմանը։ Դա կանխելու համար ոստիկանները ձեռնարկեցին հնարավոր բոլոր միջոցները։

Հունիսի 22-ին պարզվեց, որ տեղեկությունները ճիշտ էին։ Տղամարդը ցանկացել էր արտերկիր մեկնել, բայց սահմանին բռնվել էր։ Էրեբունու ոստիկանները նրան բերման ենթարկեցին ոստիկանություն։

Զուգահեռ ձեռնարկված միջոցառումներով Ավանի քրեական հետախույզները ճշտել էին նաեւ հափշտակված մեքենան թաքցնելու ստույգ վայրը։

«Ըստ ստացված տեղեկությունների խարդախությամբ հափշտակված ավտոմեքենան պահվում էր Ներքին Չարբախի 5-րդ փողոցում գտնվող առանձնատներից մեկի ավտոտնակում։

Ավտոտնակում հայտնաբերվեց ոչ միայն Ավանի ոստիկանների կողմից որոնվող «Մերսեդեսը», այլեւ ոստիկանության տարածքային մյուս ստորոբաժանումներում ստացված հաղորդումներով նկարագրված ավտոմեքենաները։

Պարզվեց, որ 30-ամյա տղամարդը «Մերսեդեները» հափշտակելուն պես, անմիջապես տեղափոխել էր Ներքին Չարբախում գտնվող ավտոտնակ ու վաճառել էր։ Արդեն ավտոտնակում դրանք մասնատվել էին, որոշ պահեստամասեր առանձին վաճառվել, որոշներն էլ խնամքով փաթեթավորվել՝ հետագայում իրացնելու համար։

Դատարանի որոշմամբ 30-ամյա տղամարդը կալանավորվել է։

Հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։