Մինչեւ հուլիսի 18-ը Երեւանը կունենա մոտ 1200 նոր աղբաման: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Անդրադառնալով աղբի վերամշակմանը, նա նշեց, որ տարբեր առաջարկներ կան աղբի վերամշակման հետ կապված, բայց բոլորը սպասում են, որպեսզի քաղաքային իշխանությունների կամ պետության կողմից այդ գործընթացը սուբսիդավորվի:

«Այս պահին 2 կազմակերպություն կա, որոնք համայնքից խնդրում են, որ իրենց տրամադրենք աղբը եւ ինչ-որ տարածք, որտեղ կարողանան գործունեություն իրականացնել: Դա նախնական քննարկման փուլում է»:

Իր հերթին, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հավելեց, որ քանի դեռ չի լուծվել աղբահանության հարցը, չի կարելի խոսել աղբի տեսակավորման մասին:

«Սկզբում պետք է կարողանաս նորմալ հավաքել աղբը, նոր մարդկանց առաջարկել ունենալ առանձին աղբարկղեր: Իհարկե, զուգահեռ մտածում ենք նաեւ, որ, այնուամենայնիվ, որոշ տեսականին բնակչությունը կարող է սորտավորել, մասնավորապես թուղթը»,-ընդգծեց Մարությանը:

Նա ընդգծեց, որ սկզբում իրենք պատվիրել են 2 հազար աղբաման, քանի որ «Սանիթեքը» խոստացել է իր հերթին 2 հազար աղբաման բերել, սակայն տեսնելով, որ «Սանիթեքը» տեղից չի շարժվում, իրենք եւս 2 հազար են պատվիրել: