ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերն իր թուրք գործընկերոջը զգուշացրել է, որ Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը ոչ միայն վերջ է դնում F-35 ամերիկյան կործանիչների ծրագրում Թուրքիայի դերին, այլ նաեւ վնաս է հասցնում ԱՄՆ պատժամիջոցների սահմանման պատճառով Թուրքիայի տնտեսությանը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային:

«Մարկ Էսպերը վճռական է. Թուրքիան չի ստանա եւ՛ Ս-400-երը, եւ՛ F-35-ը: Իսկ եթե նրանք գնեն Ս-400-երը, ապա կտեսնեն տնտեսական իրավիճակի հետեւանքները»,- ասել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:

ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները բազմիցս հայտարարել են, որ Ս-400-երն անհամատեղ են պաշտպանական այլ համակարգերի համար եւ անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում: Բացի այդ, ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ ռուսական համակարգերն ամերիկյան F-35-ը խոցելի են դարձնում: