Ինձ համար ընդունելի չէ, որ առողջապահության վարչության աշխատակիցն ունի բուժհիմնարկ, կրթության վարչության աշխատակիցը՝ մասնավոր դպրոց կամ մանկապարտեզ, երբ տրանսպորտի վարչության աշխատողներն ունեն սեփական երթուղայինի գիծ և այլն: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ նշեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը՝ հավելելով, որ այստեղ հստակ շահերի բախում է:

Նա հարց ուղղեց, թե ինչպես պետք է կարգավորվի այդ հարցը:

Ի պատասխան Երևանի քաղաքապետ հայ Մարությանը նշեց. «Ամեն ինչ պետք է կարգավորվի օրենքով: Եթե օրենքով խախտում կա, պետք է զբաղվեն իրավապահները:

Ինձ իրոք հետաքրքիր է՝ կա՞ն Ազգային ժողովի պատգամավորներ, որոնք ունեն բիզնես, բայց որն իրենց անունով չի: Կան երևի թե: Հիմա եթե ասում եք՝ Ազգային ժողովն այդ օրենքն ընդունի, այստեղ դժվարությունների է բախվելու, ո՞նց ընդունի, որ միայն քաղաքապետարանին կպնի: Ես լիովին Ձեզ հետ համաձայն եմ, բայց միևնույն է, մտածում եմ, որ այստեղ պետք է լինեն օրենքի կարգավորումներ: Ամբողջ աշխարհում այս խնդիրը կա, այդ թվում Չեխիայում: Ու ամեն տեղ էլ երեւի չեն կարողանում այդ հարցը կարգավորել»,-ասաց նա: