ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը չի բացառել, որ ռազմական դաշինքը կհարմարեցնի իր հակահրթիռային վահանը, որը գտնվում է ստեղծման փուլում, դիմակայելու համար այն պոտենցիալ սպառնալիքին, որը ստեղծվում է ռուսական նոր հրթիային համակարգով։

Հարցին, թե կարող է արդյոք ՆԱՏՕ-ն օգտագործել վահանն ընդդեմ ռուսական 9М729 հրթիռների, Սթոլտենբերգն ասել է, որ չի հրապարակի, «թե ինչ ենք անելու, որովհետեւ մենք դեռեւս կենտրոնացած ենք այն հարցի վրա, թե ինչպես պետք է Ռուսաստանը վերադարձնենք ՓՄՀՀՊ»։

Նրա խոսքով՝ 9М729 ռուսական հրթիռների ծավալումը լուրջ խնդիր է։ «Քանի որ այդ հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ կրել, դրանք կարող են հասնել եվրոպական քաղաքներին մի քանի րոպեում։ Դրանք դժվար է հայտնաբերել, դրանք շարժուն են, ուստի կրճատում են նախազգուշացման ժամանակը, ինչպես նաեւ միջուկային զենքի ցանկացած պոտենցիալ կիրառման շեմը զինված հակամարտությունում։ Եվ այդ նոր ռուսական հրթիռները խախտում են ՓՄՀՀ պայմանագիրը, որը տասնամյակներ եղել է սպառազինությունների վերահսկողության անկյունաքարը։ Դա է նաեւ պատճառը, թե ինչու  ենք մենք շարունակում  հորդորել Ռուսաստանին վերադառնալ պայմանագրի կատարմանը։ Դետեւս կա հնարավորություն պահպանելու պայմանագիրը, քանի որ սահմանված ժամկետը օգոստոսի 2-ն է։ Ժամանակը սպառվում է, եւ հավանականությունը, թե ռուսները կվերադառնան, իհարկե, նվազում է օրեցօր։ Մինչեւ հիմա մենք չենք տեսել ոչ մի իրատեսական մտադրություն կամ որեւէ փոփոխություն Ռուսաստանի վարքագծում, որը կմատնանշեր, որ նրանք կվերադառնան պայմանագրի կատարմանը»,- նշել է նա։ Նա նկատել է, որ եթե Ռուսաստանը չանի դա, ապա ՆԱՏՕ-ն միջոցներ կձեռնարկի։

Փետրվարին ԱՄՆ-ն սկսել է 1987 թվականի ՓՄՀՀՊ-ից դուրս գալու 6-ամսյա գործընթացը՝ ՌԴ-ին մեղադրելով պայմանագրին հետեւելուց հրաժարվելու մեջ: ՓՄՀՀՊ-ն կդադարեցվի, եթե ՌԴ-ն մինչեւ օգոստոսի 2-ը չմտքափոխվի, իսկ ՆԱՏՕ-ի նախարարները կշռադատում են, թե ինչ քայլեր ձեռնարկեն ի պատասխան: Պայմանագիրն արգելում է ցամաքային տեղակայման, 50-50000 կմ թռիչքի հեռավորությամբ թեւավոր եւ բալիստիկ հրթիռների արտադրությունը, փորձարկումները եւ տեղակայումը:

Պենտագոնը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ կիսվել է տեղեկատվությամբ՝ պնդելով, որ ռուսական 9М729 հրթիռային համակարգը հակասում է պայմանագրին:

Մոսկվան պնդում է, որ հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է ավելի քիչ քան 500 կմ եւ կարծում է, որ ԱՄՆ-ն ինքն է խախտել ՓՄՀՀՊ-ն: