Հունիսի 26-ին, ժամը 18:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ 36–ամյա տղամարդը ինքնավնասում է կատարել։ Մեկ ժամից ավելի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական կենտրոնի հոգեբանները Դավիթաշենի կամրջի վրա բանակցություններ են վարել Ա. Ս.–ի հետ, որպեսզի վերջինս չշարունակի ինքնավնասում անել։

Նա պահանջում էր, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իմանան, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորը «իր գլխին սարքել է»։

«Իմ գլխին քրեականի օպերը սարքել ա, ինձ ասումա՝ արի, ընդունի չեղած բանը, լավ կլինի։ Իսկ ես ինչի՞ համար ընդունեմ մի հանցանք, որը չեմ կատարել։ Օպերն ինձ ասում ա՝ դու ընդունի, ոստիկանապետն ինձ պարգևավճար կտա, ես էդ գումարի կեսը կտամ, մուծում կանես, սաղ OK կլինի։ Բա վարչապետն ասում էր՝ իրավիճակ է փոխվել, էլ մարդկանց գլխին չեն սարքում, է՞ս ա իրավիճակ փոխվելը։ Եթե առաջ կանգնում, ասում էին՝ էս քոնն ա, վեկալ վրեդ, գնա, հիմա էդպես չի. բռնում, ասֆալտին պառկացնում են ու ասում են՝ պտի վերցնես։ «Պտի»-ով երկիր չի դառնում»,-ասում էր նա։

Ի վերջո, տղամարդը համաձայնել է շտապօգնությունով մեկնել հիվանդանոց։