Վրաստանի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Նիկա Մելիային, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Այսօր լիագումար նիստի ժամանակ Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել դատարան Գլխավոր դատախազության դիմումին՝ պատգամավոր Նիկա Մելիայի ձերբակալության մասին միջնորդությամբ:

Որոշմանը կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 91-ը: Այսպիսով, պատգամավորը կկանգնի դատարանի առաջ, որը կորոշի նրա նկատմամբ խափանման միջոցը:

«Այդ մարդիկ գերության մեջ են: Նրանք չեն կարող իմ աչքերի մեջ նայել: Նիստի ժամանակ ծանր մթնոլորտ էր: Նրանց մեծ մասը չէր ցանկանում դա անել, չէր ցանկանում սեղմել այդ կոճակը, սակայն նրանք դա արեցին ոչ իրենց կամքով: Մենք պետք է օգնենք եւ փրկենք այդ մարդկանց»,- նիստի ավարտից հետո ասել է Նիկա Մելիան:

Հարկ է նշել, որ Մելիայի խնդրանքով խորհրդարանում քննարկման ժամանակ ներկա չէին ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները:

Դատախազությունը նման խնդրանքով դիմել է խորհրդարանին, քանի որ պատգամավորին մեղադրում է խորհրդարանը գրոհելու փորձի եւ հունիսի 20-ին բողոքի ցույցերը կազմակերպելու մեջ:

Առանց անձեռնմխելիությունից զրկելու նրան չէին կարող ձերբակալել: Ընդ որում, դատախազությունը Մելիային մեղադրանք է առաջադրել հունիսի 20-ի ցույցերի ժամանակ խմբային բռնության կազմակերպման, ինչպես նաեւ այդ գործընթացը ղեկավարելու եւ դրանում մասնակցելու համար: