Ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո ԵԽԽՎ-ն լքել են 7 երկրների պատվիրակություններ՝ Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Սլովակիա, Էստոնիա եւ Վրաստան:

Վերոնշյալ երկրները հայտնել են դեմարշի մասին եւ դիմել իրենց երկրների խորհրդարաններին ու կառավարություններին՝ կապված կազմակերպությունում իրենց հետագա մասնակցության հետ: Այս մասին Facebook-ում գրել է ուկրաինացի պատգամավոր Լեոնիդ Եմեցը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Երեկ ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակությունը հայտնեց դեմարշի մասին: Այսօր Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Էստոնիան եւ Վրաստանը միացան Ուկրաինային: Պատվաիրակությունները հայտարարեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման անթույլատրելիության մասին: Դիմում ենք մեր խորհրդարաններին ու կառավարություններին՝ կապված ԵԽԽՎ-ում մեր հետագա աշխատանքի հետ»,- գրել է Եմեցը:

Նա նաեւ հրապարակել է պատվիրակությունների դեմարշի համատեղ որոշման տեքստը:

«Այսօր մենք՝ մեր երկրների պատվիրակներս, չունենք պատասխան, թե ինչպես Եվրոպայի Խորհուրդը պաշտպանեց իրենց իրավունքները՝ ագրեսորին պաշտպանելով: ԵՄ ապագան սպառնալիքի տակ է գտնվում, եւ ԵԽ-ն կորցնում է մարդկանց վստահությունը, որոնց նա պաշտպանում է: Այսօր մենք վերադառնում ենք տուն, որպեսզի խորհրդակցենք մեր խորհրդարանների ու կառավարությունների հետ»,- ասվում է տեքստում:

Պատվիրակությունները նշում են, որ ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումը հակասում է ԵԽ արժեքներին եւ կանոնադրությանը:

«Այդ քայլը սխալ ազդանշան է մի երկրի, որը ռազմական ագրեսիա է դրսեւորում, թունավորում մարդկանց քիմիական զենքով եւ նպաստում ողջ Եվրոպայում ապակայունացմանը: Մենք հաջողություն ենք մաղթում նորընտիր գլխավոր քարտուղարին եւ հուսով ենք, որ նա կլուծի այս ճգնաժամը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի ուշ Գերագույն ռադայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության անդամ Իրինա Գերաշչենկոն Facebook-ի իր էջում հրապարակել է տվյալ տեքստն ու գրել, որ այն ստորագրել են 7 երկրների պատվիրակությունները:

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ որոշմամբ՝ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է իր աշխատանքին: