ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստային համակարգին կրկին կոչ է արել տոկոսադրույքները նվազեցնել, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա մրցակցել երկրների հետ, որոնք, նրա խոսքով, իրենց արժույթներն արժեզրկում են, փոխանցում է Reuters-ը:

Թրամփն ասել է, որ ԴՊՀ նախագահ Ջերոմ Փաուելը «վատ է աշխատում» դրամավարկային քաղաքականության ղեկավարությունում՝ այն դեպքում, երբ այնպիսի երկրները, ինչպես Չինաստանը իրենց տնտեսությունը խթանում են: «Նա պետք է նվազեցնի տոկոսադրույքները, որպեսզի մենք կարողանանք Չինաստանի հետ մրցակցել»,- ասել է Թրամփը Fox Business Network-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ մյուս երկրները նույնպես իրենց տնտեսությունը խթանում են: «Եթե նրանք արժեզրկում են, իսկ մենք չենք կարող, մենք այլեւս հավասար պայմաններում չենք»,- ասել է նա:

Թրամփն ասել է, թե իր կարծիքով՝ ինքն իրավունք ունի Փաուելին ազատել կամ պաշտոնն իջեցնել, բայց հավելել է. «Ես երբեք չեմ ասել, որ պատրաստվում եմ դա անել»:

Իրավունքի ոլորտի մի քանի փորձագետներ ասում են, որ Թրամփը կամ չի կարող Փաուելին ազատել, կամ նրա համար դա շատ դժվար է անել:

ԴՊՀ-ն սկսել է տոկոսադրույքները դանդաղորեն բարձրացնել 2015 թվականին, քանի որ գործազրկության մակարդակը մի քանի տասնամյակում նվազագույնի էր հասել: Այս տարի կարգավորողը դադար էր վերցրել փոխառությունների արժեքի մեծացման գործում:

Թրամփն ասել է, որ ԴՊՀ-ն չափից ավելի հեռու է գնացել տոկոսադրուքների բարձրացման եւ փոխառության տոմսերի հաշվեկշռի կրճատման հարցում: «Դա խելահեղություն է»,- ասել է նա: