Անցած տարեսկզբից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ընդհանուր առմամբ 12 նամակ են փոխանակել։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի միավորման հարցերի նախարար Կիմ Են Չուլը, տեղեկացնում է AFP-ն։

«2018 թվականից նախագահ Կիմը գրել է ութ նամակ նախագահ Թրամփին, իսկ նախագահ Թրամփը չորս նամակ է գրել նախագահ Կիմին»,- ասել է նա լրագրողներին։

«Կարծում եմ, նրանք կարեւորում են երկու երկրների միջեւ երկխոսության վերականգնումը, քանի որ մշտապես նամակներ են փոխանակում»։

Այս հանգստյան օրերին Սեուլը պետք է դիմավորեր ԱՄՆ նախագահին, քանի որ նա փորձում է վերսկսել միջուկային բանակցությունները, որոնք փակուղի էին մտել Թրամփի եւ Կիմի միջեւ փետրվարին, Հանոյում գագաթաժողովի ձախողումից հետո։

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ Փհենյանը եւ Վաշինգտոնը «անդրկուլիսյան բանակցություններ» են վարում հերթական հանդիպումը կազմակերպելու համար։

Կիրակի Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Կիմ Չեն Ընը ստացել է ԱՄՆ նախագահի «հրաշալի բովանդակությամբ անձնական տեղեկությունը» այն բանից մի քանի օր հետո, երբ Թրամփն ասել էր, որ Կիմը նրան «հիանալի նամակ» է ուղարկել։

Հյուսիսային Կորեան, սակայն, դժգոհություն է հայտնել Հարավային Կորեային՝ հայտարարելով, որ այլեւս չի դիմի նրա միջնորդությանը ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններում։ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նաեւ կրկնել է իր պահանջը, որպեսզի Վաշինգտոնը նոր առաջարկություններ մշակի մինչեւ դեկտեմբերի վերջ դիվանագիտության վերականգնման գծով։