ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնություն տալ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին: Նշենք, որ դեռեւս մարտին այս ընկերությունն ստացել էր ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն, սակայն այժմ ներկայացված թվերի մեջ փոփոխություն է կատարվել:

Ներկայացված ցանկում ավելացել է 39 սարքավորումով, որի արդյունքում գումարը կավելանա 228,4 մլն դրամով և «115,055,120» թվից կփոխարինվի «343,476,468» թվով։

Միաժամանակ, Ընկերության կողմից ՀՀ կառավարություն ներկայացված ցանկի ապրանքների գումարը այժմ նվազել է, կապված լինելով մաքսային ծառայության հետ վերջնական ճշգրտումներ կատարելու հետ և որտեղ նշված է եղել մաքսային արժեքներով, իսկ այժմ նշվել է ինվոյսային արժեքներով։

Նշենք, որ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն նախատեսում է ՀՀ, Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում էր սկսել 2019 թվականի մայիսից, սակայն առաջացան որոշ խնդիրներ և հետաձգվեց մինչև սեպտեմբերի վերջ։

Ներկա պահին Ընկերությունը կատարել է շուրջ 1.12 մլրդ դրամի չափով ներդրում և ստեղծել թվով 14 աշխատատեղ։

Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված էր կատարել շուրջ 13,2 մլրդ դրամի ընդհանուր ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Առաջին փուլով Ընկերությունը արտոնություն էր ստացել ներմուծվող ապրանքների մասով 115 մլն դրամի չափով և կատարել ցանկով հաստատված ամբողջ ներմուծումը, այժմ երկրորդ փուլի շրջանակներում նախատեսում է ներմուծել ևս 228,4 մլն դրամի չափով ապրանքներ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 134 նոր աշխատատեղ` 422 հազար դրամ միջին աշխատավարձով: