Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների  հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոբուսի ուղեւոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սեւ գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալ ինքը տեղյակ չի եղել: Այն որպես ուղեկցվող բեռ իրեն փոխանցել է նույն ավտոբուսի ուղեւոր Վ.-ն՝ տվյալ ուղեւորափոխադրումն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով:

Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար: