Համացանցում է հայտնվել Նիժնեանգարսկի օդանավակայանից հոլովակ, որտեղ վթարային վայրէջք էր կատարել «Անգարա» ավիաընկերության Ան-24 ուղեւորատար օդանավը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Կադրերում երեւում է, թե ինչպես է օդանավը ցած իջնում, մտնում թռիչքուղի, դուրս գալիս դրա սահմաններից եւ հարվածում շենքին:

Հինգշաբթի առավոտյան օդանավը Նիժնեանգարսկից Ուլան Ուդե էր ուղեւորվել: Սակայն թռիչքից հետո շարժիչներից մեկը շարքից դուրս էր եկել, անձնակազմը որոշել էր օդանավակայան վերադառնալ:

Նախնական տեղեկություններով՝ Ան-24-ը դուրս է եկել թռիչքուղուց, բախվել է կից գտնվող շենքին եւ հրդեհվել:

Աղետի հետեւանքով 2 օդաչուները զոհվել են: Փրկարարների տեղեկություններով՝ հոսպիտալացման կարիք է ունեցել եւս 21 ուղեւոր: Նրանք ստացել են թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներ:

Հանրապետության ղեկավարը հանձնարարել է տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Օդանավում ընդհանուր եղել է 43 ուղեւոր, որոնց թվում՝ մեկ երեխա:

Հարուցվել է քրեական գործ թռիչքների անվտանգության կանոնների խախտման հոդվածով, որն անզգուշությամբ մարդկանց մահվան է հանգեցրել: