Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի մասնակիցները Խորվաթիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մարիա Պեյչովիչ-Բուրիչին ընտրեցին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, չորեքշաբթի տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Քվեարկությանը մասնակցեց 274 խորհրդարանական։ Այդպիսով, ձայների բացարձակ մեծամասնություն՝ 135։ Պեյչինովիչ-Բուրիչը հավաքեց 159, Դիդյե Ռեյնդերսը՝ 105 ձայն։ Ուստի նա (Պեյչինովիչ-Բուրիչը) ընտրվում է ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում հինգ տարով, մինչեւ 2024 թվականը»,- ասաց ԵԽԽՎ նախագահը։

«Կարեւոր է ամրապնդել երկխոսությունը ԵԽԽՎ-ի եւ ԵԽ Նախարարների կոմիտեի միջեւ, ամրապնդել երկխոսությունը մեր անդամ պետությունների միջեւ։ Ես կաշխատեմ այդ ուղղությամբ,- ասել է Պեյչինովիչ-Բուրիչը խորհրդարանականներին։- Ես հույս ունեմ ձեր աջակցությանն իմ մանդատի գործողության ընթացքում։ Հույս ունեմ, որ այդ ընթացքում մենք կկարողանանք միասին աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր կազմակերպությունն ու հասնենք խաղաղության եւ բարեկեցության մեր քաղաքացիների համար»։

Նոր գլխավոր քարտուղարի մանդատը գործողության մեջ կմտնի 2019 թվականի աշնանից։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Թյորբոռն Յագլանդը։ Նա գլխավորում է Եվրոպայի խորհուրդը 2009 թվականից (վերընտրվել է 2014 թվականին)։