Գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում այս տարվա մայիսի տվյալներով շոշափելի շարժեր ենք ունեցել. բուսական եւ կենդանական ծագման ապրանքների արտահանումը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 76,6 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, բուսական ծագման ապրանքների մեջ կեսը եղել է լոլիկի մասով, արտահանումն աճել է 171 տոկոսով. «Ելակի արտահանումը կազմել է 700 հազար դոլար, որը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Վարունգի արտահանումը կազմել է 1,1 մլն դոլար,  աճը եղել է 5 անգամ: Արտահանվել է 3,2 մլն դոլարի թարմ ձուկ, որը 1,2 մլն դոլարով կամ 61 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ծավալը:

Հունվար-մայիսն ամփոփելով կարող ենք ասել, որ բուսական եւ կենդանական ծագման ապրանքների արտահանման աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 11,8 տոկոս: Ավելի քան հնգապատկվել է վարունքի արտահանումը, կրկնապատկվել է ելակի արտահանումը, 35 տոկոսով աճել է թարմ ձկան արտահանումը՝ կազմելով 12 մլն դոլար»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է ՌԴ-ի ու Վրաստանի պաշտոնյաների հետ քննարկման օրակարգում. «Ես այս հարցը քննարկել եմ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, նաեւ  Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ քննարկումներ ենք ունեցել»:

«Արդեն մի քանի ամիս մեր տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ, լավ սպասումներ են ձեւավորվում:

ԿԲ-ի դոլարի պահուստներն ավելացել են 185 մլն դոլարով: Դա լավ ազդակ է, բայց մեր տնտեսությունը երկարաժամկետ առումով այնպես պետք է կառուցվի, որ հումքի արտահանումը նվազագույնի հասցվի կամ վերացվի: Այսինքն Հայաստանից ոչ թե պետք է հանքաքար արտահանվի, այլ մետաղական արտադրանք, ընդ որում որքան հնարավոր է երկար վերամշակման ցիկլ անցած»,-ասաց վարչապետը: