ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Բիշքեկի համատեղ նիստում հավանություն են տվել Աֆղանստանում հաստատված միջազգային ահաբեկիչների սպառնալիքների համատեղ դիմակայելուն ուղղված միջոցներին։ Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունում։

«Հանդիպման մասնակիցները հավանություն են տվել այն հարցերի լուծումներին, որոնք հետագայում կներկայացվեն ՀԱՊԿ երկրների նախագահների ստորագրմանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհդրի այս տարվա աշնանային նիստի ժամանակ,- նշել են մամուլի ծառայությունում։- Խոսքը լրացուցիչ միջոցներ ընդունելու մասին է, որոնք կուղղվեն լարվածության թուլացմանը տաջիկա-աֆղանական սահմանին, ՀԱՊԿ ձեւաչափով համատեղ զորավարժություննեի պատրաստման եւ անցկացման կարգի հաստատմանը, ինչպես նաեւ պետությունների հավաքական գործողությունների պլանավորմանը ՄԱԿ 2019-2021 թվականների գլոբալ հակաահաբեկչական ռազմավարությունն իրագործելիս»։

Բացի այդ, հաստատվել են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը, կառավարման եւ ուժերի, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի միջոցների կազմավորման մարմինների համատեղ պատրաստման պլանը 2020 թվականի համար։

Ինչպես նշում են փորձագետները,  ՀԱՊԿ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները բխում են Աֆղանստանի հյուսիսային նահանգներից, որտեղ նկատվում է ահաբեկչական ավազակախմբերի ակտիվացում, եւ Սիրիայից ու Իրաքից վերադարձող զինյալներից։ Առանձնակի անհանգստություն է առաջացնում լարվածության կայուն ավելացումը տաջիկա-աֆղանական սահմանին։

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկիչները, իրենց հանցավոր գործունեության ֆինանսավորման ապահովման համար, փորձում են վերահսկողության տակ վերցնել թմրաթրաֆիքը Աֆղանստանից, որն աշխարհում ափիոնի, հերոինի գլխավոր արտադրողն է մնում (մոտ 90 տոկոս)։ Միջազգային ահաբեկչական կազմակերպություններն օգտագործում են մաքսանենգության երթուղիները զինյալներին տարբեր երկրներ նետելու համար։ Շահութաբեր քրեական բիզնես ահաբեկիչների համար վերջին ժամանակներս դարձել է նաեւ անլեգալ միգրանտների տեղափոխումը Աֆղանստանից այլ երկրներ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը։ 2019-ին Ղրղզստանը նախագահում է ՀԱՊԿ-ում։